ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ամերիկյան հետախուզության ֆինանսավորման օրինագծում ներառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող դրույթ: Նշված դրույթը կոչ է անում ԱՄՆ հետախուզական հանրությանը գրավոր գնահատական տալ Կոնգրեսին, թե ով է նախաձեռնում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
ԱՄՆ հետախուզությունը պետք է գնահատի նաև ԱՄՆ-ի ռազմական օգնության ազդեցությունը Ադրբեջանին և Հայաստանին՝ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականության վրա, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականությունը:
Ամերիկյան հետախուզության ֆինանսավորման օրինագծում այս դրույթի ներառման, հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանային լարումների նվազեցման վրա այս դրույթի հնարավոր ազդեցության, ադրբեջանական ագրեսիայի հնարավոր զսպման մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի անդամ Շաքե Իսայանի հետ։
-Տիկի՛ն Իսայան, ինչպե՞ս եք գնահատում այդ դրույթի ներառումը։ Այս դրույթի անցկացումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանային լարումների վրա։
-Դրույթի ընդունման պարագայում 90 օրվա ընթացքում պետք է ռազմական էսկալացիայի, սահմանային լարումների վերաբերյալ կոնկրետ գրավոր գնահատական տրվի։ Այս դրույթի ներառումը ողջունելի է, քանի որ մեզանում միշտ անարդարության զգացում ու նստվածք է մնում, երբ հայտարարվում ու կոչ է արվում հրադադարի երկկողմանի պահպանման մասին այն դեպքում, երբ գիտենք՝ Ադրբեջանն է մշտապես լարում իրավիճակը։
Ես շատ մեծ հույս ունեմ, որ այդ դրույթը նաև կարող է լավ զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի համար, որն այս պահին տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքն է իր դաշնակից պետության՝ Թուրքիայի հետ միասին։
– Տավուշյան սրացումներից հետո ՀՀ-ն առաջ է քաշում սահմանին մոնիթորինգի մեխանիզմների ներդրման հարցը։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որքանո՞վ այդ մեխանիզմները փոխլրացված կաշխատեն։
-Եկեք ուղղակի ժամանակից առաջ չընկենք, հասկանանք՝ ինչ հաջորդականություն կլինի, արդյոք այս օրենքի նախագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության կարժանանա՞, թե՞՝ ոչ։ Հայաստանի բարեկամ Ադամ Շիֆի կողմից արված այս քայլը ողջունելի է, և եթե այն լայն աջակցություն ունենա, ապա հետագայում իր ազդեցությունը կունենա սահմանային լարումների զսպման հարցում։
– Այս դրույթի առաջ քաշման գործում ի՞նչ դերակատարություն են ունեցել ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, ԱՄՆ-ում հայկական համայնքն ու դիվանագիտական ապարատը։
-Վերը նշված բոլոր խմբերն էլ ակտիվ դերակատարություն են ունեցել։
Խորհրդարանի մակարդակով՝ բարեկամական խումբն այս օրերին հեռահար հանդիպումներ ու խորհրդակցություններ է ունենում տարբեր կոնգրեսականների հետ։ Այդ հանդիպումներից մի քանիսին ես ևս մասնակցել եմ, ու ներկայացրել ենք ստեղծված իրավիճակը։
Այս պարագայում, կարծում եմ, բոլոր կողմերն իրենց մասով ազդեցություն են ունեցել, որը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն։
– Որոշ ժամանակ առաջ առաջ քաշվեց Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակման բանաձևը։ Այս դրույթով էլ ԱՄՆ հետախուզությունը պետք է գնահատի նաև ԱՄՆ-ի ռազմական օգնության ազդեցությունը Ադրբեջանին և Հայաստանին՝ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականության վրա, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականությունը: Այդ դրույթները որքանո՞վ են իրար լրացնում։ Արդյոք այն որոշակիորեն կմեղմի՞ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը։
-Դժվար է ասել՝ Ադրբեջանը ինչի կգնա ու ինչ կունենանք առաջիկայում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ բանաձևերը կարող եմ լուրջ ազդեցություն ունենալ։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանին տրվող ռազմական օգնության մասով շատ լուրջ խնդիրներ էին առաջացել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում կայունության հիմնական խաթարողն է։ Ընդհանրապես, Ադրբեջանի իրական գործելակերպի վերաբերյալ շրջանառվող այս կամ այն բանաձևն իր ազդեցությունն ունենում է և որոշակի ժամանակահատվածով կարողանում է զսպող դեր ունենալ։ Հույս ունեմ, որ այս բանաձևերն իրենց ազդեցությունը կունենան տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
-Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այս բանաձևերը հավանության կարժանանա՞ն Սենատի կողմից։
Չեմ ցանկանում կանխատեսումների ճանապարհով գնալ․ հիշում եմ որոշ դեպքեր, երբ այդ ակնկալիքներն ունենում էինք հետո, ցավոք սրտի, չէին իրականանում։ Լիահույս եմ, որ այս ուղղությամբ այսօր գործադրվող ջանքերը կկարողանան հասնել նրան, որ այս նախագիծը ընդունվի, որը հետագայում այս ու նմանատիպ իրավիճակներում մեր դիրքերն ավելի կուժեղացնի։
Ինչպես արդեն նշեցի, այս տարիների ընթացքում մշտապես հրադադարի կոչեր էր հնչում հավասարապես երկու կողմերին, ինչ անարդարության զգացողություն է առաջացնում մեզ մոտ և ի վերջո հնարավորություն կլինի կոնկրետ գնահատականներ տալ, ինչը մեզ համար շահեկան կլինի։
Վարդուհի Մկրտչյան