Պաշտոնաթողությունից երկու տարի անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ։
Ապրիլյան պատերազմից չորս տարի անց այդ թեմայով տեղի ունեցած ասուլիսի, ասուլիսի ժամանակ հնչած հիմնական թեզերի մասին Armenia Today-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։
-Պարո՛ն Քոչարյան, Ապրիլյան պատերազմից չորս տարի անց ինչպե՞ս եք գնահատում այդ թեմայով ասուլիսի հրավիրումը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
-Այնպես չէ, որ շատ ուշադիր եմ լսել և դիտել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը, քանի որ ինձ այդքան էլ չի «հետաքրքրում» Ապրիլյան պատերազմի թեման ոչ այն պատճառով, որ դա առանցքային թեմա չէ, այլ որովհետև դեռ 2016 թվականից մեծ խնդիր երբեք չեմ տեսել՝ կապված իշխանությունների և մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ։ Ես համարում եմ, որ Ապրիլյան պատերազմը եղել է թեկուզ կարճաժամկետ, սակայն բավական լայնամասշտաբ պատերազմ, որտեղ մեր բանակն իր ֆունկցիան փայլուն կատարել է։
– Որո՞նք էին երրորդ նախագահի կողմից ասուլիսի ժամանակ հնչած հիմնական թեզերը։
-Ես Սերժ Սարգսյանից միանգամայն այլ հարցերի ու թեմաների պատասխաններ կցանկանայի լսել, իսկ Ապրիլյան պատերազմի թեմային Սերժ Սարգսյանը հիանալի տիրապետում է։ Կցանկանայի լսել քերաօլիգարխիկ պատգամավորների, տարբեր պաշտոնյաների, 2014 թվականի հայտարարության մասին, որ չի պատրաստվում այլևս առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ընտրվեց, որից հետո սկսվեց բոլոլան։
Նույնիսկ կարող եմ ասել, թե որն է լինելու հաջորդ ասուլիսի թեման․ դա ամենևին էլ չի լինելու այն թեման, որի համար Սերժ Սարգսյանին մերժեցին, հաջորդ թեման միանշանակորեն լինելու է արտաքին քաղաքականության ու Ղարաբաղի թեման, քանի որ այդ թեմայում էլ նա իրեն զգում ինչպես ձուկը ջրում։
Այն թեմաները, որտեղ կան թույլ կետեր, այդ թեմաների վերաբերյալ հարցերին Սարգսյանը չի պատասխանում, ինչպես, օրինակ, երեկ չպատասխանեց հարցին, թե ինչ նկատի ուներ 2018 թվականի ապրիլին, երբ հայտարարեց «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում են հենց այդ հարցերը, ոչ թե այն հարցերը, որոնց Սարգսյանն իրոք տիրապետում է։
-Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք միջազգային հանրությունն ու միջնորդները պատրա՞ստ են ստանձել այդ դերակատարությունը։
-Աշխարհում ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև գեոքաղաքական պրոցեսները, այդքան էլ ազնիվ ու արդար չեն, և որոշումները պահի ազդեցության տակ են կայացվում։ Օրինակ՝ պահի ազդեցության տակ պետք էր Կոսովոն ճանաչել, շատ երկրներ ճանաչեցին, պետք չէր Ղրիմը չճանաչել, շատ երկրներ չճանաչեցին Ղրիմը։
Կարևորն այն է, որ մենք միշտ ձեռքը պահենք պուլսի վրա, և երբ մեզ ու Արցախի համար լինի բարենպաստ պայման, երբ միջազգային կառույցները պատրաստ կլինեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը, մենք դրանից օգտվենք՝ մինչ այդ պահելով ստատուս քվոն։
Վարդուհի Մկրտչյան