Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարելու կազմել նոր կառավարություն: Ադիբը ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի աջակցությունը։
Լիբանանում նոր կառավարության ձևավորման, նոր կառավարությունում լիբանանահայության դերատակատարության, Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների ու դրա հաղթահարման ուղղությամբ արվող քայլերի մասին Armenia Today-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
– Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբն ընտրվել է Լիբանանի վարչապետ։ Պարո՛ն, Պետրոսյան, ինչու՞ նրա թեկնածությունն առաջ քաշվեց վարչապետի պաշտոնում, ի՞նչ գործոններ են նպասել վերջինիս թեկնածության առաջադրմանը։
– Լիբանանի պատմության մեջ՝ մասնավորապես վերջին ճգնաժամի համատեքստում, չափազանց կարևոր է վարչապետի թեկնածուի շուրջ առավել լայն համախոհության առկայությունը՝ հաշվի առնելով նաև այդ երկրի կառավարման համայնքային բնույթը։
Այս պարագայում հիմնական շեշտադրումը կատարվել է հնարավորինս չեզոք, բայց հիմնական դերակատարների կողմից ընդունելի թեկնածուի վրա, քանի որ ինչպես Մուստաֆա Ադիբը, այնպես էլ նախկին վարչապետ Հասան Դիաբը հիմնականում ակտիվ քաղաքական դերակատարում չեն ունեցել. առավելապես ունեցել են պրոֆեսիոնալ կարիերա, քաղաքական առումով չեզոք են եղել։
Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքերն էլ ցույց են տալիս, որ Ադիբը քաղաքական ուժերի մեծ մասի աջակցությունն է ստացել։
– Լիբանանում այժմ կուտակվել են սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Որքանո՞վ է նոր վարչապետն ի զորու լինելու լուծել այս խնդիրները՝ փորձելով չառաջացնել Լիբանանում գործող տարբեր քաղաքական շրջանակների դժգոհությունը։
– Այս մասով ամբողջ խնդիրն այն է, որ Լիբանանում այսօր արագ կառավարության ձևավորումն ընդունելի լինի և՛ երկրի առանցքային քաղաքական ուժերի, և՛ հասարակական լայն զանգվածների, և՛ Լիբանանում շահագրգիռ արտաքին դերակատարների կողմից։
Միանշանակորեն դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հաջողություն կունենա նոր կառավարությունը։ Այն հանգամանքը, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանում ստեղծված ճգնաժամն ավելի խորացավ և այս պարագայում նոր կառավարության ձևավորմամբ պարզապես երկրի փրկության հարց է լուծվում, ստիպեց երկրում ակտիվ հիմնական քաղաքական ուժերին արագ և առանց ավելորդ քաղաքական շահարկումների հանգել նոր կառավարության ձևավորման՝ հատկապես այն բանից հետո, երբ դրա պահանջը կար նաև դրսից․ գիտենք, որ Ֆրանսիան է բավականաչափ ակտիվ դերակատարություն ստանձնել Լիբանանի փրկության հարցում և պատահական չէ, որ վերջին մեկ ամսվա մեջ արդեն երկու անգամ Ֆրանսիայի նախագահն այցելում է Լիբանան և նոր վարչապետի նշանակման հաջորդ օրն արդեն Լիբանանում էր։ Սա նշանակում է, որ նաև արտաքին ուժերի պահանջն է շատ արագ ֆունկցիոնալ կառավարության ձևավորումը, որը զերծ կմնա քաղաքական տարբեր շահերի բախումից և ձեռնամուխ կլինի լրջագույն խորքային բարեփոխումների իրականացմանը, որոնց այլընտրանք Լիբանանը պարզապես չունի, իսկ թե որքանով կհաջողի, բավականաչափ բարդ է ասելը, որովհետև դա պայմանավորված է և՛ ներլիբանանյան, և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական զարգացումներով։
– Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում ակտիվ կերպով հանդես են գալիս նաև արտաքին ակտորները՝ մասնավորապես Թուրքիան։ Նոր ձևավորվող կառավարությանը որքանո՞վ կհաջողվի զսպել Թուրքիայի նկրտումները։
– Թուրքիան ցանկացած պատեհ առիթ փորձում է օգտագործել տարածաշրջանում իր դիրքերն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Թուրքիայի ակտիվացումը պայմանավորված է այս երկրում գործող վարչակարգի արտաքին քաղաքականության բնույթով։ Այժմ բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի հնավորություններ կունենա Թուրքիան, քանի որ նրա հնարավորությունների շրջանակը ուղիղ համեմատական է մյուս հիմնական դերակատարների ակտիվության և ներգրարվվածության ծավալին։
Եթե Լիբանանի նոր կառավարությունը չստանա բավականաչափ արտաքին աջակցություն՝ այն խոստացված աջակցությունը, որը կա առնվազն արևմտյան երկրների կողմից, ապա երկիրը փրկության համար փորձելու է օգտագործել ցանկացած հնարավորություն, մասնավորապես՝ ֆինանսատնտեսական աջակցությունը։
Այս պարագայում, բնականաբար, մեծանում են Թուրքիայի հնարավորությունները։ Հաշվի առնելով Լիբանան պետության կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մի շարք դերակատարիների համար, կարելի է կանխատեսել, որ արտաքին դերակատարների մրցակցությունը Լիբանանում բավականաչափ բարդ կլինի և Թուրքիայի հնարավորություններն էլ բավարար չեն լինի այդ մրցակցության պայմաններում։
– Թուրքիան նպատակ ունի նաև զսպելու հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում։ Լիբանանի հայկական համայնքն ու մեր երկիրն ի՞նչ անելիքներ ունեն հայկական տարրի ակտիվ քաղաքական ներգրավվածությունը պահպանելու համար։
– Համահայկական ընդհանուր ներուժը պետք է ուղղվի Լիբանանում մեր համայնքին հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերելուն, որովհետև ինչպես լիբանանյան, այնպես էլ մերձավորարևելյան մեր համայքները ռազմավարական նշանակություն ունեն, և այդ համայնքերը կորցնելն անդառնալի կորուստ կլինի համահայկական տեսանկյունից։
– Լիբանանում նոր վարչապետի նշանակումից հետո Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնի, որը կնպաստի նաև հայկական համայնքի դիրքերի ամրապնդմանը։
-Ներկայում, երբ ընթանում են Լիբանանի նոր կառավարության ձևավորման աշխատանքները, Հայաստանի և համահայկական տեսանկյունից կարևորվում է լիբանանյան գործընթաներում հայկական առավել ազդեցիկ դերակատարումը։
Կարծում եմ՝ կարելի է առաջիկայում որևէ բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Լիբանան։ Առավել նպատակահարմար կլինի և առարկայական նշանակություն կունենա պաշտպանության նախարարության ձևաչափով և անձամբ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խմբի այցը Լիբանան։
Զուգահեռաբար, ավելորդ քաղաքական շահարկումներից խուսափելու համար այցը կարելի է ձևակերպել նաև՝ որպես աշխատանքային՝ UNIFIL-ի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի և դրանցում հայկական զորամիավորման հետ կապված օրակարգային հարցերի քննարկման նպատակով։
Վերոնշյալի համատեքստում, հայկական պատվիրակության այցը և նրա հնարավոր բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները մի կողմից միանշանակորեն ավելի կամրապնդեն լիբանանահայ համայնքի քաղաքական դիրքերը կառավարության ձևավորման գործընթացում, մյուս կողմից, անհրաժեշտության դեպքում, նաև կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել Բեյրութի վերականգնման աշխատանքներում հայաստանյան ընկերությունների ներգրավման համար։
Վարդուհի Մկրտչյան