Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով՝ մարտի 16-ից Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, որը կպահպանվի մինչև ապրիլի 14-ը։ Այս պայմաններում սահմանափակվել կամ դադարեցվել են մի շարք տնտեսվարողների, ձեռնարկությունների գործունեությունը։ Ստեղծված իրավիճակում առաջանում է գործատուների գործունեության, աշխատողների աշխատավարձերի վճարման և առհասարակ, գործատու-աշխատող իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն։
Վերը նշված հարցերի վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է «Ֆրեդա» խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Կիրակոսյանի հետ։
1․ Պարոն Կիրակոսյան, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն ի՞նչ մեխանիզմներ ու լծակներ է սահմանում արտակարգ իրադրության պայմաններում գործատուի և աշխատողի իրավահարաբերությունների կարգավորման համար։
Նման իրավիճակների համար նախատեսված մեկ հոդված ունենք․ այն է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը։ Հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անհաղթահարելի ուժի դեպքում գործատուն չի վճարում, քանի որ սա գործատուի մեղքով առաջացած պարապուրդ չէ։ Այսօր, սակայն քննարկվում է այս հոդվածում փոփոխություններ անելու հարցը, որպեսզի և՛ գործատուն, և՛ աշխատողը չտուժեն։
2․ Արտակարգ դրության պայմաններում աշխատողների պարապուրդի դեպքում՝ պետությունն ու գործատուն ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրեն, որպեսզի և՛ գործատուն չտուժի, և՛ աշխատողը։
Այսօր մեր օրենսդրության մեջ չկան հստակ ամրագրված կարգեր, թե որ դեպքում և ինչպես պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի գործատուին նման իրավիճակներում։ Այդուհանդերձ, այսօր պետությունը փորձում է նման իրավիճակները հարթելու ողջ բեռը դնել գործատուի վրա, որը սխալ է։ Այսպես, օրինակ՝ պետությունն առաջարկում է վարկեր կամ աջակցություն նոր բիզնես գաղափարների համար, սակայն այն գործատուն, որն արդեն կայացած է, ունի հաճախորդների և ձևավորված աշխատակազմ, ինչպես նաև հարկատու է, նրան աջակցության գաղափարն առաջ չի քաշվում՝ առաջնահերթության կարգով։ Լավ է, որ աջակցում են նոր գաղափարներին, սակայն պետք է կայացած բիզնեսի կողքին լինել և ողջ պատասխանատվությունը չթողնել գործատուի վրա։
Նման իրավիճակների հաղթահարման համար մի շարք գործիքներ կան՝
-Արտակարգ դրության ամիսներին եկամտային հարկերը չվճարել։ Այս դեպքում պետությունը գործատուին՝ առանց գումար տալու, եկամտային հարկերը չգանձելով կամ կրճատելով, հնարավորություն է տալիս այդ գումարը տրամադրել աշխատողներին։
– Պարապուրդի ժամանակ գործատուները կարող են աշխատողին կանխավճար տալ աշխատավարձի օրինակ մինչև 50 %-ի չափով, որը հետագայում՝ աշխատանքը վերականգնելուց հետո, գործատուն կարող է պահել աշխատավարձից։
3․ Ինչպե՞ս պետք է կարգավորվի աշխատողին արձակուրդի ուղարկելու գործընթացը, և գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել ամենամյա արձակուրդն այս շրջանում։
Գործատուն կարող է աշխատողին տրամադրել ամենամյա արձակուրդը, սակայն ամենամյա արձակուրդի պարագայում գործատուն աշխատավարձը վճարում է արձակուրդից 3 օր առաջ։ Նման իրավիճակների համար կարող է սահմանվել, որ աշխատողին կարող է տրամադրվել ամենամյա արձակուրդը և գործատուին էլ թույլ տալ, որ արձակուրդային գումարը մաս-մաս վճարի, քանի որ այս ընթացքում այդ գումարը վճարելը գործատուրի համար լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն է։ Սա գործատուին ձեռնտու է այն մասով, որ աշխատավարձի վերջնահաշվարկի դեպքում նվազեցում է կատարվում, աշխատողին էլ ձեռնտու է, որ ստանում է արձակուրդային աշխատավարձ, ինչպես նաև մնում է տանը։ Սա գուցե լավագույն տարբերակը չէ, բայց շատ ավելի լավ է, քան՝ չվճարվող արձակուրդը։
Վարդուհի Մկրտչյան