Արցախի Հանրապետությունում մարտի 31–ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին 76471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։
Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ, իսկ նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը, ուստի պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` ապրիլի 14–ին։
Արցախում կայացած համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշների, ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի հնարավոր հետաձգման և թեմային առնչվող այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ։
1․ Մարտի 31-ին կայացած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Ինչո՞վ են պայմանավորված նման բարձր տոկոսները։
Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշը պայմանավորված է մի քանի պատճառներով։ Հիմնական պատճառն այն է, որ միանգամից անցկացվեցին և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ։
Բացի այդ թեկնածուների միջև կար շատ ուժեղ մրցակցություն։ Բազմաթիվ ընտրողներ, ովքեր նախկինում կարող էին չգնալ ընտրությունների՝ չունենալով իրենց թեկնածուն, այս ընտրություններին ունեին այդ թեկնածուին և դրանից ելնելով՝ մասնակցեցին ընտրություններին։
Տարբեր թեկնածուների մասնակցությունը, նրանց միջև խիստ մրցակցությունը, ինչպես նաև երկրորդ փուլի անցկացումն Արցախում ժողովրդավարության զարգացման կարևոր փաստ է։
2․ Բազմաթիվ փորձագետներ հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլի հետաձգումը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ էական նախադրյալներ կան ընտրությունների հետաձգման համար։
Ես, իհարկե, որևէ ստույգ տեղեկատվություն չունեմ, բայց վերջին օրերին կարծիքներ են հնչել, որ Արցախում ևս վարակի դեպքեր կան, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում։ Տեսնում ենք, որ Հայաստանում դեպքերի թիվը բավականին արագ է աճում, հատկապես այսօրվա թիվը, սա վկայում է այն մասին, որ Հայաստանում վարակի տարածման տեմպը արագացել է, իսկ Արցախում կարանտին հայտարարված չէ, վարակի դեպքեր չկան՝ ըստ պաշտոնական տվյալների․ հնարավոր է Արցախում դրա մասին չգիտեն։ Հավանական է, որ այս երկու շաբաթվա ընթացքում՝ կախված համաճարակի զարգացումից, տարածումից և Արցախում հնարավոր դեպքերի արձանագրումից, ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվի։
3․ Ավելի վաղ քննարկվում էր մարտի 31-ին ընտրությունների հետաձգման հարցը՝ հաշվի առնելով Արցախում վարակի հնարավոր ներթափանցման վտանգը, որոշ թեկնածուներ հանդես եկան այն հետաձգելու հայտարարություններով, սակայն այն չհետաձգվեց։ Ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված ընտրությունները չհետաձգելը, արդյոք քաղաքական որոշ իրողություններ դրան նպաստե՞լ են։
Մարտի 31-ի ընտրությունները չհետաձգելը պայմանավորված էր երկու հիմնական խնդրով՝
1․Արցախում ներքաղաքական իրավիճակը վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ թեժ էր, և ընտրություններ անցկացնելը ավելի մեծ հնարավորություն էր այդ իրավիճակը մեղմելու համար։
2․Այն թեկնածուները, ովքեր հաղթանակ տանելու հնարավորություն ունեին, նրանց համար ձեռնտու էր ընտրություններն անցկացնել հենց սահմանված օրը։
Այս ամենը նույնպես ազդեցություն ունեցավ իշխանությունների դիրքորոշման վրա, և արդյունքում՝ ընտրությունները չհետաձգվեցին։
4․Առաջին փուլում գրանցվեց մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Կարո՞ղ ենք նման բարձր մասնակցություն ակնկալել նաև երկրորդ փուլում։
Ամեն դեպքում, պետք է ակնկալել մասնակցության բարձր ցուցանիշ, որովհետև երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, տարբեր ծրագրեր են ներկայացնում Արցախի ապագայի վերաբերյալ։ Ընտրություններին մասնակցելով` Արցախի բնակիչները, երկու խիստ տարբեր նախագծերի միջև են ընտրություն կատարելու։ Այսպիսով, ընտրողների մոտ մոտիվացիան կպահպանվի։
Եթե նույնիսկ չհետաձգեն ընտրությունները, կորոնավիրուսի մտավախություններից ելնելով, ապա մարդիկ կսկսեն ավելի զգուշավոր լինել, և սա կարող է ինչ-որ չափով նվազեցնել մասնակցության տոկոսը։
Վարդուհի Մկրտչյան