Միջազգային շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի գինը զգալիորեն անկում է ապրել, որն, ի թիվս այլ գործոնների, զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա, այդուհանդերձ, վերջին մի քանի օրերին նավթի գնի կայունացման միտում է նկատվում:
Հինգշաբթի օրը նավթարդյունահանող երկրներին շտապ հանդիպում անցկացնելու կոչով դիմել էր Սաուդյան Արաբիան։ Միևնույն ժամանակ, թագավորությունը կոչ էր արել հանդիպել ոչ միայն ՕՊԵԿ+- ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) մասնակիցների, այլև դաշինքի մեջ չմտնող այլ պետությունների հետ: Նավթի գների կայունացման հարցով ՕՊԵԿ+ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը` տեսակոնֆերանսի ձևաչափով:
Համաշխարհային շուկայում նավթի գնի բարձրացման միտումների, ապրիլի 6-ին նախատեսված ՕՊԵԿ+- ի և դաշինքի մեջ չմտնող այլ պետությունների տեսակոնֆերանսից ակնկալվող արդյունքների և թեմային առնչվող այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։
1․ Վերջին օրերին համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացման միտում է նկատվում։ Ի՞նչ հիմնական գործոններով է պայմանավորված նման միտումը։
Նավթի գնի բարձրացում միջազգային շուկայում նկատվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարեց Սաուդյան Արաբիայի թագաժառագին, որի շրջանակներում քննարկվեց համաշխարհային շուկայում նավթի գնի կարգավորման հիմնախնդիրները։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգն էլ հայտարարեց, որ բավականին լուրջ բանակցային գործընթաց է նախաձեռնել ռուսական կողմի հետ։ Այս ամենի արդյունքում ստեղծվեց այնպիսի տեղեկատվական ֆոն, որ նավթի համաշխարհային շուկայի երեք առանցքային խաղացողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, չնայած բավականին խորքային հակասություններին, ստեղծված իրավիճակում փորձել են մասամբ սինխրոնիզացնել իրենց գործողությունները։ Քանի որ համաշխարհային նավթի շուկան բավականին զգայուն է նմանատիպ տեղեկատվական հոսքերի, տարատեսակ քաղաքական հայտարարությունների նկատմամբ, ուստի Թրամփի կողմից հեռախոսազանգի մասին տեղեկատվության հրապարակումը, ինչպես նաև փաստը, որ սաուդացիները սկսել են քննարկումներ այս հարցի շուրջ ռուսական կողմի հետ, դրական անդրադարձավ նավթի գների վրա։
Կարծում եմ՝ այս հարցի շուրջ դրական տենդենցները կպահպանվեն, եթե եռակողմ ձևաչափով սինխրոնիզաված քննարկումներ ընթանան։ Ըստ այդմ՝ 2020 թ․ արդյունքում նավթի միջին գինը կարող ենք արձանագրել 40-45 դոլար։
2․ Ռուս փորձագետները նշում են, որ նավթի գինն ապրիլի կեսերից կբարձրանա։ Արդյոք իրատեսակա՞ն են այս կանխատեսումները։
Համաշխարհային շուկայում նավթի գների կայունացումը պայմանավորված է երկու հիմնական գործոններով՝
1․ Ըստ առողջապահական տարբեր ինստիտուտների գնահատականների՝ կորոնավիրուսի պիկային ցուցանիշները կհաղթահարվեն ապրիլի կեսերից, և դրա հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարումը դրական ազդեցություն կունենա նավթի գնի բարձրացման վրա։ Աստիճանաբար կսկսի ավելանալ պահանջարկը, պահանջարկի բարձրացման հետ մեկտեղ կկարգավորվեն գները։
Կորոնավիրուսի տարածման արդյունքում էապես ընկել է նավթի պահանջարկը համաշխարհային շուկայում։ Եթե համաշխարհային տնտեսությունը դիտարկենք ըստ առանձին սեգմենտների, ապա կտեսնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ուղևորափոխադրումները, ավիափոխադրումները, ինչպես նաև գնացքներով իրականացվող ուղևորափոխադրումները, ինչը համակցված է տուրիզմի հետ, ընկել է շուրջ 70%-ով։ Տրանսպորտը, ինչպես հասկանում ենք, արդյունաբերության հետ մեկտեղ, հանդիսանում է նավթամթերք սպառող առանցքային ուղղություններից մեկը։
2․ Նավթ ներկրող առանցքային պետությունները՝ Հնդկաստանը, Պակիստանը և այլն, օգտվելով նավթի ցածր գներից, առավելագույն չափով էժան գնով նավթ են ներկրել և ներկայումս նրանց նավթի պահուստարաններն ամբողջությամբ լիքն են։ Մինչև մայիսի կեսեր պետք է սպասել, որ համաշխարհային հիմնական ներկրողների պահուստաններում էլ որոշակի պակասորդ առաջանա և որոշակի բաց լինի։
3․ Երկուշաբթի ՕՊԵԿ+-ի ու դաշինքի մեջ չմտնող այլ պետություններ կքննարկեն նավթի գների կայունացման հարցը։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս քննարկումից։
Ստեղծված իրավիճակում դաշինքի մեջ մտնող և չմտնող երկրներն այլընտրանք չունեն․ պետք է հասնեն համաձայնության։ Եթե նավթի համաշխարհային շուկայի հիմնական խաղացողները շարունակեն արտահանումը նույն տեմպերով իրականացնել, էլ չեմ խոսում ավելացնելու մասին, ապա նավթի գներն ամբողջ աշխարհում ձեռք կբերեն բացասական նշանակություն․ գները կդառնան մինուսային, ինչպես տեղի ունեցավ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում՝ Վայոմինգում, որի արդյունքում մի շարք ընկերություններ պարզապես հայտարարեցին լուծարման մասին։
Անկախ աշխարհաքաղաքական մրցակցությունից՝ նավթ արտահանող առանցքային պետությունները պետք է գան ընդհանուր հայտարարի և կրճատեն արտահանումը։ Պետք է ձեռք բերվեն նոր պայմանավորվածություններ և առանցքային տարբերությունը նախորդ համաձայնագրից պետք է լինի այն, որ ԱՄՆ-ը պետք է մասնակցի այդ ընդհանուր քաղաքականության ձևավորմանը։ Եթե նախկինում ԱՄՆ-ը չի մասնակցել OPEC+-ին ՝ իր համար համաշխարհային նավթի շուկայում ստեղծելով բավականին լավ դաշտ մանևրելու համար, ապա այսօր ԱՄՆ-ն ուղղակի չի կարող չմիանալ այն գլոբալ համաձայնությանը, որին վաղ թե ուշ կգան նավթ արտահանող պետությունները։ Այս ամբողջ իրավիճակից առաջին տուժողը Միացյալ Նահանգներն է, որովհետև ունի բավականին բարձր ինքնարժեքով նավթ՝ ի տարբերություն ռուսական և արաբական նավթի։ ԱՄՆ-ում արդյունահանվող թերթաքարային նավթի ինքնարժեքը տատանվում է 30-40 դոլարի սահմաններում, իսկ Ռուսաստանում արդյունահանվող նավթի ինքնարժեքը կազմում է 3-7 դոլար, գրեթե նույն չափորոշիչներն են գործում նաև Սաուդյան Արաբիայում։ Ելնելով այս ամենից, եթե Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանն ունեն մանևրելու հնարավորություն, շարունակելու կայուն տեմպերով արդյունահանումն ու արտահանումը, ապա ԱՄՆ-ը՝ չունի։
4․ Գալով մեր տարածաշրջան՝ այս ամենի արդյունքում ինչպիսի՞ իրավիճակ է Ադրբեջանում և նավթի գների չկայունացումը աշխարհաքաղաքական ի՞նչ նշանակություն կունենա։
Ադրբեջանի տնտեսությունն առավելապես հիմնված է նավթագազային ռեսուրսների վրա։ Ակնհայտ է, որ այն գները, որոնք առկա են այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական կայունության համար։ Ինչպես գիտենք, 2016 թվականի սկզբին համաշխարհային շուկայում արձանագրվեց բավականին լուրջ գնանկում, եթե 2014 թվականին համաշխարհային շուկայում նավթի գինը հասնում էր 107 դոլարի, ապա 2016 թվականի սկզբին նավթի գինն իջել էր 30 դոլարից։ Արդյունքում 2016 թվականին նավթի գների անկման հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից հասարակության դժգոհությունը նվազեցնելու համար Ադրբեջանը գնաց ապրիլյան ավանտյուրային։ Միանշանակորեն չեմ կարող պնդել, որ այս անգամ էլ իրավիճակը կգնա նույն սցենարով, բայց սա տրամաբանության շրջանակներում է, պետք չէ բացառել նաև նմանատիպ զագարցումները։ Ըստ այդմ, նավթի գնի կայունացումը համաշխարհային շուկայում, այդ թվում՝ Ադրբեջանում, կարծում եմ՝ բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից։
Վարդուհի Մկրտչյան