Հունիսի 15-ը Հայաստանիի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է։ Խորհրդանիշներն են՝ դրոոշը, զինանշանը և օրհներգը:
«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:
Նշենք, որ 1918-ի օգոստոսից ծածանվող հայկական եռագույնը ժամանակավոր է եղել, դա հաջորդ տարի դեռ պետք է հաստատեր Սահմանադիր ժողովը:
Հայաստանի դրոշի՝ Մարտիրոս Սարյանի նախագիծը
Մարտիրոս Սարյանը 1919-ին ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին գրած նամակում առաջարկել է ՀՀ պետական դրոշի մի քանի տարբերակ: Բոլորն էլ մերժվել են:
Սարյանի թոռնուհին ժամանակին այդ նամակը հրապարակել է:
Սարյանը գրում է, որ հայկական դոշը պետք է լինի ծիածանագույնը.
Սարյանը գրել է. «Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություններ:
Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն:
Գույների նման հերթականությունը թողնում են ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը:
Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան: Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը»,-գրել է Մարտիրոս Սարյանը: