Հայաստանից ջութակահար Դիանա Ադամյանը դարձել է Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, տեղեկացնում է միջոցառման պաշտոնական կայքը:
Հունիսի 6-ին Հայաստանում մեկնարկած միջազգային մրցույթը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով անցել է առցանց ռեժիմով, օգտագործվել են նաև տեխնոլոգիական նորամուծություններ. հեռահար ձևաչափով համատեղ հանդես են եկել մենակատարն ու նվագախումբը:
«Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան XVI միջազգային երաժշտական մրցույթի հաղթողները։ Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը, երկրորդը` դանիացի Մայքլ Գերմերը։ Երրորդ տեղը շնորհվեց շվեդ Լորենց Կարլսին և թայվանցի Բել Տինգին», – գրված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆելիքս Հարությունյանը, պարգևատրվել է դափնեկրի դիպլոմով։
Մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել ընտրական փուլ անցած 19 ջութակահարներ Հայաստանից, Կորեայից, Հոնկոնգից, Թայվանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Դանիայից, Շվեդիայից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից: