ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին (Ֆրունզիկ) հետմահու «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։
Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի Facebook-յան էջը, հուլիսի 4-ին՝ դերասանի ծննդյան 90-ամյակի օրը, հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել դերասանի հուշարձանին:
Այնուհետ ներկաներն այցելել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան: Սամվել Բալասանյանը թանգարանին է փոխանցել պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:
Նշենք, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: