Հայաստանը տիեզերք հասնելու ուղիները քննարկելու միջավայր կդառնա «Սթարմուս» 6-րդ աշխարհահռչակ փառատոնի ժամանակ:
«Սթարմուսն» առաջին անգամ տեղի կունենա մեր երկրում: Գիտական, մշակութային, երաժշտական փառատոնը Հայաստանում կանցկացվի 2021-ին, կմիավորի աշխարհում հայտնի գիտնականների ու արվեստագետների: Արդեն հայտնի է, որ համաշխարհային դեմքերից Հայաստան կգա նաև «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Երկար տարիներ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ուսումնասիրել, ձայնագրել է, իսկ աստղային հնչյունները գործիքավորել է Բրայան Մեյը: Աստղային հնչյունների, նաև 2024-ին Լուսին հասնող տիեզերագնացների, Մարսում միկրոբներ փնտրելու գնացող NASA-ի ռոբոտի մասին Հայաստանում կխոսեն հաջորդ տարի սեպտեմբերի 6-11-ը աշխարհը տիեզերքին կապող ամենահայտնի փառատոնի՝ «Սթարմուսի» ժամանակ:
«Մեծ գիտնականների ներգրավմամբ կլինեն փոքր լաբորատորիաներ, որտեղ ռոբոտիկա են սովորեցնում երեխաներին»,-ասել է Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն Գարիկ Իսրայելյանը:
Մարդկության ապագայի ուսումնասիրությունների մասին աշխարհի գիտական էլիտան կխոսի Հայաստանում: Մեր երկիրն էլ տիեզերական արդյունաբերությամբ զբաղվողներին կառաջարկի լիցենզիա ունենալ՝ ստանալով հարկային արտոնություններ:
«Հիմա կանոնակարգերը մենք մշակում ենք… միևնույն առաջնահերթություններով, ինչ համաշխարհային տնտեսությունը»,- ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
Այսպես, մոտ 100 հազար հոգի կլսի, կտեսնի ու կմասնակցի աստղերի փառատոնին: Քաղաքային ծրագրում նաև Երևանում կլինեն տարբեր բեմեր ու ցույց կտան, ինչպես է արվեստը հանդիպում գիտությանը:
2021-ին՝ «Մարսի տարում», Նոբելյան մրցանակիրների քննարկումներով ու դասախոսություններով հայկական «Սթարմուսի» մյուս մանրամասները կլինեն արդեն հոկտեմբերին: