Հայ և արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներից մինչև դասախոսություններ, վարպետության դասեր ու բանախոսություններ, հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպումներից մինչև գրական մրցույթներ և, իհարկե, մինչև 40 տոկոս զեղչեր գրախանութներում. մոտենում է EVN BOOK FEST 2019-ը ամենամյա երրորդ փառատոնը։
Նոյեմբերի 22-ից 24-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կմեկնարկի գրքերին նվիրված եռօրյա փառատոնը։
Գրական մրցույթ
Միջոցառման շրջանակում հայտարարվել է գրական մրցույթ, որին ներկայացված է մոտ 87 հայտ՝ պոեզիայի, արձակի ու դրամատուրգիայի անվանակարգերում։
Ցուցահանդես-տոնավաճառ
Կազմակերպվելու է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի 37 հրատարակչություն ու գրախանութ։
Լավագույն բեստսելլերների շնորհանդեսներ
Այս օրերին սպասված են լինելու հատկապես տարվա երկու նոբելյան մրցանակակիրներից մեկի՝ լեհ Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը» և լեգենդար Սթիվեն Քինգի «Փայլատակումը» գրքերի շնորհանդեսները։
Երաժշտական ծրագիր
Գրքաֆեստին նախատեսված են նաև համերգներ, որոնք կեզրափակեն փառատոնային օրերը։ Նախ վինիլային ջազ սեթ կներկայացնի Garage Vinyl Store-ի Վահագն Մարտիրոսյանը, ապա ռոք համերգով հանդես կգա «Նեմրա» խումբը, իսկ վերջում ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբն ու «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը։
Զեղչեր
Փառատոնի շրջանակներում՝ երեք օր շարունակ կարելի է գիրք գնել մինչև 40 տոկոս զեղչով։ EVN BOOK FEST 2019-ի զեղչերին միանում են գրեթե բոլոր հրատարակչությունները։
Գրքի տոնին ամբողջովին մասնակցելու համար, հետևեք EVN BOOK FEST 2019-ի պաշտոնական էջին։
Աննա Կոստանյան