Պատմական, մշակութային և հոգևոր կոթողների կողքին Շուշիում առանձնանում է պաշտպանական նշանակություն ունեցող Շուշիի բերդը: Այն հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր է:
Բերդը հիշատակվում է տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ: Հաճախ է հանդիպում Շոշի բերդ, Շոշի սղնախ անունները, քանի որ զավթիչների հարձակումների ժամանակ այստեղ հաճախ են պատսպարվել հարևան Շոշի բնակիչները:
Բերդի կառուցման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, դրանցից մեկի համաձայն ,Շուշիի բերդապարսիպի և կառույցների հիմքերը դրել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը՝ 1724 թվականին: Սակայն կա մեկ այլ վարկած, ըստ որի բերդն ավելի վաղ է եղել, իսկ 1720-ականներին Ավան հարյուրապետն այն վերակառուցել և ամրացրել է:
Հին ժամանակների ռազմական տեխնիկայի համար անմատչելի այդ պարիսպները կառուցված էին կրաքարից: 7-8 մ բարձրությամբ պատերը ուժեղացված էին կիսակլոր աշտարակներով:
Բերդապարիսպը չորս հիմնական մուտք է ունեցել, ամրոցն օժանդակ մուտքեր ևս ունեցել է, սակայն դրանք միայն տեղաբնակներն են իմացել: Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր էին խաղացել ամրություններից հարավ գտնվող բազմաթիվ քարանձավները:
Շուշիի բերդը հետագա ժամանակներում եղել է կարևորագույն պատմական իրադարձությունների կենտրոնում, անառիկ քաղաքին ու բերդին տիրելու համար դարեր շարունակ արյունալի պայքար է մղվել:
Կոտորած և բազմաթիվ հարձակումներ տեսած բերդաքաղաքը վերջնականապես ազատագրվել և հայերին է անցել Արցախյան պատերազմի ժամանակ: Չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը, հայ մարտիկներին հաջողվել է մայիսի 9-ին ազատագրել հայկական հինավուրց բերդաքաղաքը: Շուշիի ազատագրման 4 ուղղություններից մեկն էլ անցնում էր բանտի վերածված Շուշիի բերդի մոտով: