Հավատքն առ Աստված դարեր շարունակ հայի փրկության երաշխավորն էր: Իր դժվարին պահերին հայը միշտ էլ ապավինել է խաչին: Դարեր շարունակ հայ եկեղեցին իր դերն ու նշանակությունը չի կորցրել: Եկեղեցու հետ կապն ամուր է նաև այսօր: Հայաստանում և սփյուռքում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ենթակայության ներքո գործում են 400-ից ավելի եկեղեցիներ: Հարկ է նշել, որ Արցախում անկախությունից ի վեր կառուցվել է 12 եկեղեցի:
Այսօր խոսելու ենք Շուշի քաղաքում գտնվող Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մասին: Եկեղեցին իր անվանումը ստացել է այն պատճառով, որ ժամանակին ունեցել է կանաչ գույնի գմբեթ:
Այն կառուցվել է 1818 թվականին և ունի խաչաձև հատակագիծ:
Կանաչ ժամն առանձնանում է իր ճարտարապետությամբ: Եկեղեցու գոցվող թաղերը, անհամեմատ մեծ բացվածքները, բեմատակն իջեցված ավանդատները, արևելյան կիսակլոր ճակատապատը առանձնացնում է եկեղեցին մնացյալից:
Մինչև Շուշիի ազատագրումը` եկեղեցին ադրբեջանցիների համար որպես առողջարանային համալիր էր շահագործվում:
Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847: