Թանգարան-ինստիտուտը հիմնադրվել է 1995 թվականին՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրի հարավարևմտյան մասում:
Թանգարանում ցուցադրված են Օսմանյան Թուրքիայի կառավարող շրջանների նախապատրաստած և 1915-1923 թթ. իրականացրած Մեծ եղեռնին վերաբերող փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, գրականություն, կոտորածի ենթարկված մարդկանց անձնական իրեր և այլն:
Այն ունի երեք ցուցասրահ՝ ներածական սրահ, ցեղասպանության սրահ և խորանասրահ։
Թանգարանի ցուցադրության առանձնահատուկ մասն են կազմում հայ և օտարազգի լուսանկարիչների նկարները՝ արված Մեծ եղեռնի տարիներին:
Հայերի հանդեպ գործադրված բռնությունների և նրանց զանգվածային սպանությունների առաջին լուսանկարները լայն տարածում ստացան 1894-1896 թվականների համիդյան կոտորածների ժամանակ:
Անգլիական «The Graphic» պատկերազարդ թերթի թղթակցի՝ 1895 թվականին Էրզրումում տեղի ունեցած հայկական կոտորածներից մի քանի օր անց արած լուսանկարներն առաջինն էին, որ տպագրվեցին մամուլում և արտատպվեցին արտասահմանյան տարբեր պարբերականներում, հաճախ՝ նաև թերթերի առաջին էջերին:
Հայկական կոտորածները ներկայացնող լուսանկարչական հավաքածուում առանձնահատուկ տեղ է գրավում 1909 թ. ապրիլին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած զանգվածային սպանդի ու ավերածությունների տեսարանները ներկայացնող դրվագները:
Թանգարանի նպատակն է ոչ միայն ցուցադրել նյութերն ու վավերագրերը,այլև կամուրջ հանդիսանալ ամբողջ աշխարհի ցեղասպանագետների ու Ցեղասպանությունների ուսումնասիրմամբ զբաղվող կազմակերպությունների միջև:
Հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8
Հեռ.՝+374 10 39 09 81 Կայք` Ֆեյսբուք, Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամ՝ 11:00-16:00 Մուտքի տոմս՝անվճար