«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12.758 հնագիտական առարկաներ՝ խմբավորված 161 հավաքածուներում:
«Էրեբունի» թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը:
Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:
1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:
Հասցե՝ Էրեբունի փողոց 38
Հեռ.՝+374 10 45 82 07 Կայք՝ Ֆեյսբուք
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամեր 10:30-16:30 Մուտքի տոմս՝ 1000 դրամ (մեծահասակներ), 300 դրամ (դպրոցահասակ երեխաներ և ուսանողներ):