Սեպտեմբերի 10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պարզվել է, որ «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում մաքրման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը նկատել է ականանետի ականի նմանվող առարկա և տեղափոխել շենքի բակ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ինստիտուտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ուժերով տարհանել 14 քաղաքացու։
Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով և տեղափոխել անվտանգ տարածք։
Փրկարարները շենքի երկու նկուղներում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ զինամթերք չի հայտնաբերվել: