Նիցցայում՝ Նոտր Դամի բազիլիկի հարակից տարածքում, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Ինչպես հաղորդում Է Ինտերֆաքսը, զոհվել է երեք մարդ, որոնցից մեկը՝ 70-ամյա թոշակառուն, գլխատվել է։ Եվս մի քանիսը վիրավորվել են: Հարձակվողին ոստիկանները ձերբակալել են։ Առայժմ հանցագործի ինքնության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ արտակարգ խորհրդակցություն է անցկացնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Ժան Կաստեկսը շտապ մեկնել են Փարիզի ՆԳՆ ճգնաժամային կենտրոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում չեչեն Աբդուլահ Անզորովը գլխատել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատիին, քանի որ նա դասի ժամանակ աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։