Հայաստանի շախմատի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առցանց Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին:
2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարած քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն:
Ըստ ֆեդերացիայի, դիրքը, որի ընթացքում սպառվեց Հայկ Մարտիրոսյանի ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի: Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց:
«Ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում: Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:
Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն են, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել: