Ազգերի լիգայի որակավորման փուլի մեկնարկային խաղում Հյուսիսային Մակեդոնիան ֆավորիտ չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդնիան ֆավորիտ է: Միայն առավելությունն այն է որ խաղում ենք իրենց դաշտում: Լավ ծանոթ ենք նրանց: Ֆուտբոլը նաև սխալների խաղ է. մեր նախորդ խաղում սխալվեցինք մենք, իսկ պատասխան հանդիպմանն ավելի շատ սխալվեցին նրանք: Իմ կարծիքով, մեր խմբում ֆավորիտներ չկան: Լավ ճանաչում ենք վրացիներին և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն. միակ թիմը, որին այդքան էլ ծանոթ չենք, Էստոնիան է»,- ասաց Հարոյանը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում խաղերը կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: