Նոյեմբերի 4-ին ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է «Քարաբաղ»-ի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովին զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ՝ սոցցանցերում բոլոր հայերին սպանելու նրա արած կոչի համար: Այս մասին
հաղորդում են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Իբրահիմովը սոցցանցի իր էջում գրել է. «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին: Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել»:
Այնուհետև նա արդարացրել է Թուրքիայի կողմից 1915 և 1916 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը: Գրառումները հետագայում ջնջվել են, ՀՖՖ-ն ահազանգել և բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ:
Այսօր ՈւԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իբրահիմովին ժամանակավորապես արգելվում է ցանկացած ֆուտբոլային գործունեություն իրականացնել մինչև ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը կորոշի գործի ընթացքը:
Իբրահիմովին մեղադրանք է առաջադրվել ֆաշիստական և խտրական վարքագիծ դրսևորելու համար: