Բաշկիրիայի հանրապետության ղեկավարի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռադի Խաբիրովը։ Այս մասին հայտնում է Башинформ-ը՝ հղում կատարելով հանրապետության նախագահի լրատվական ծառայությանը։
Նշենք, որ հասարակական գործիչ Շավարշ Կարապետյանը «Համառուսական ժողովրդական ճակատ»-ում էր (հասարակական շարժում, որը ստեղծվել է 2011թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ` միավորելու երկրի ակտիվ բնակիչներին), ինչպես նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահորդն էր։
Շավար Կարապետյանը ժամանակին ԽՍՀՄ սուզորդների ազգային հավաքականի անդամ է եղել և բազմիցս դարձել է Եվրոպայի և աշխարհի օլիմպիական չեմպիոն։ Այնուամենայնիվ, Կարապետյանի անունը բոլորին հայտնի դարձավ նրա սխրանքից հետո, երբ Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից նա դուրս բերեց 46 հոգու։ Կարապետյանն իր այս պատմությունը պատմեց միայն 6 տարի անց՝ հարցազրույցներից մեկում:
1976 թ.-ին Շավարշը պետք է մեկներ Հանովեր՝ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, բայց մեկ օր առաջ նա հիվանդացավ և որակավորման մրցումներում ցույց չտվեց լավագույն արդյունքը։ Խորհրդային հավաքականի մարզիչները որոշեցին նրա փոխարեն ուրիշին ուղարկել:
Ասում են, որ այդ ժամանակ վճռական դեր ունեցավ Կենտկոմի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի խոսքը, ով հայազգի մարզիկի մասնակցության հետ կապված իր զարմանքն էր արտահայտել. «Ինչպե՞ս կարող է ջրազուրկ Հայաստանում սուզորդ մարզիկ լինել»: Դրանից հետո 23-ամյա Շավարշը վերադառնում է տուն և նորից սկսում մարզվել` ապացուցելու, որ դեռ լավագույնն է:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան նա սովորականի պես դուրս էր եկել վազքի Երևանյան լճի շուրջը ՝ իր 25 կգ-անոց պայուսակով։ Շավարշի հետ միասին վազում էր նաև եղբայրը՝ Կամոն, ով նույնպես ԽՍՀՄ սուզորդների հավաքականի անդամ էր: Կից ընթացող Թիվ 15 տրոլեյբուսը, որն անցել էր ավազե ամբարտակը՝ հանկարծ ամբողջ արագությամբ ընկավ ներքև և ջրասուզվեց:
Բոլոր 92 ուղևորներ կարծես ակնթարթորեն հայտնվեցին երկաթե գերեզմանի մեջ: Շավարշն ու նրա եղբայրը շտապեցին անկման վայր՝ ընթացքում ազատվելով հագուստներից:
«Իրականում ես ջրից 46 հոգու հանեցի: Բայց կան փրկվածներ, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններում չի նշվել։ Ուղղակի նրանք անմիջապես հեռացել են դեպքի վայրից», – ասել է Կարապետյանը KP-ին տված հարցազրույցում։
80-ականներին Կարապետյանը մարզումներ էր իրականացնում Խորհրդային Հայաստանում, իսկ 90-ականներին դժվարին տարիներին տեղափոխվեց Ռուսաստան: