Խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած Օտարերկրացիաների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ներկայացնելով օրինագիծը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ փոփոխությունների մշակման անհրաժեշտությունն առաջացել է երկրի ֆուտբոլային ակումբների բազմաթիվ դիմումների հիման վար:
«Ֆուտբոլային ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ և տրանսֆերի ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստների հրավիրեն՝ մեր ակումներում խաղալու համար»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները երբեմն ստիպված են շրջանցել օրենքը, որպեսզի հնարավորություն ունենան նոր խաղացողներ ներգրավել:
Սիմոնյանն ընդգծել է, որ ի սկզբանե նախատեսվում էր փոփոխությունների գործողությունը տարածել միայն ֆուտբոլիստների վրա, սակայն հանձնաժողովի քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ուղղումը տարածել բոլոր մարզիկների վրա: Փոփոխությունների համաձայն՝ դյուրացվում է օտարերկրյա պրոֆեսիոնալ մարզիկների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման ընթացակարգը։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կառավարության եզրակացությունը նշեց, որ նախագծով ըստ էության առաջարկվում է աշխատանքի թույլտվության պահանջից ազատել պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող օտարերկրացի մարզիկներին:
«Ըստ էության նպատակահարմար են համարում այս պահին առաջնորդվել առաջարկվող կարգավորմամբ»,- նկատեց նա: