Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին։
Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել էր ներման և հերոսացվել:
Այս առումով, ըստ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի, դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: «Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,-նշված է հաղորդագրության մեջ։
«Մենք կշարունակենք մեր հետևողական աշխատանքներն հանուն ատելությունից զերծ խաղաղ և անվտանգ տարածաշրջանի,- ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում։