Ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Վրաստանի տնտեսությունն անկում է ապրել 16,6%-ով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Վրաստանում այս տարվա ապրիլին անկման միտում է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, աճ է գրանցել միայն լեռնահանքային արդյունաբերությունը:
Հաղորդվում է նաև, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ՀՆԱ-ի ընդհանուր անկումը կազմել է 3,6 տոկոս:
Իր հերթին, kvira.ge կայքը տեղեկացնում է, որ տնտեսության անկումը հանգեցրել է նաև երկրում աղքատության աճի, ներկայում Վրաստանի բնակչության 19,5%-ն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, գյուղական բնակավայրերում աղքատությունը կազմում է 23,7%:
Տնտեսության անկումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումներով:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկու ամիս շարունակ գործել է արտակարգ դրության ռեժիմ։ Շատ ձեռնարկություններ են դադարեցրել աշխատանքը. մայիսի վերջին սկսվել է կարանտինային միջոցների մեղմացման նոր փուլը։