Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների, այդ թվում ՝ Հայաստանի զբոսաշրջիկների համար, –«Эхо Кавказа»-ի փոխանցմամբ՝ «Пирвели» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Ձեւակերպվելու են երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկով երկրների հետ։ Մշակվում են նաեւ որոշակի ընթացակարգեր, թե ինչ ընթացակարգով պետք է անցնի զբոսաշրջիկը մինչեւ ժամանումը: Շատ երկրներ արդեն ներկայացրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, ովքեր գնում են Թուրքիա բուժման համար, պետք է անցնեն ՊՇՌ-թեստ ոչ շուտ, քան 48 ժամ [սահմանը հատելուց առաջ]։ Նաեւ արդեն Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների նկատմամբ որոշակի հսկողություն կիրականացվի», – հայտարարել է նա։