Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Грузия online-ի փոխանցմամբ՝ ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ առկա է ինտենսիվ հաղորդակցություն: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո խոսնակը, Վրաստանը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին:
«Հատկանշական է, որ կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում Վրաստանի կառավարությունն ակտիվ հաղորդակցություն ունի հայկական կողմի հետ։ Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Հաղորդակցությունն իրականացվում է նաև առանձին նախարարների մակարդակով»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ այսօր Վրաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները տեղեկատվություն են փոխանակել COVID-19 համաճարակի վերաբերյալ: «Դավիթ Զալկալիանին հայկական կողմին համերաշխություն է հայտնել COVID-19 պանդեմիայի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պատրաստակամություն է հայտնել», – հայտարարում են ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»,նշվում է ստորագրահավաքի խնդրագրում: