Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական պատարագներ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էրդողանը Twitter-ում հրապարակել է իր ստորագրած հրամանագրի լուսանկարը։
«Որոշվել է Այա Սոֆիայի ղեկավարումը հանձնել Թուրքիայի կրոնի գործերի վարչությանը և բացել այն աղորթների համար»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրն իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը՝ այն մզկիթի վերածելով, առանց հաշվի առնելու այլ պետությունների կարծիքները:
Այա Սոֆիան հիմնադրվել է քրիստոնեական Հուստինիանոս կայսեր կողմից և բացվել է 537թ. դեկտեմբերի 27-ին։ Տաճարը ավելի քան հազար տարի եղել է ամենամեծ տաճարը քրիստոնեական աշխարհում. Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453 թվականին տաճարը վերափոխվեց մզկիթի, սակայն 1934 թվականից ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով շենքը դարձավ թանգարան և ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Hayırlı olsun. pic.twitter.com/MzP6nzn9Jc
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) July 10, 2020