Ախալքալաքում օգոստոսի 8-ի երեկոյան սկսված անկարգությունների ընթացքում հրկիզվել է 4 տուն և հյուրանոց, հաղորդում է JNEWS-ը:
Կայքի տեղեկություններով՝ հրդեհվել են Մաշտոցի, Թումանյանի, Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում գտնվող տները։ Նշվում է, որ այդ բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ, որը հրկիզվել է առաջինը։
Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի խոսքով՝ իրենց մոտ է տեղափոխվել մեկ վիրավոր, ևս մեկ մարդ տեղում մահացել է: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա է վնասվել։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ օգոստոսի 8-ին ՝ ժամը 19: 00-ի սահմաններում, «Հաս Բահչա» այգու մոտ տեղի են ունեցել բախումներ:
Երիտասարդների ամբոխը կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկություններով՝ բախումը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով։
Ինչպես հաղորդում է «Эхо Кавказа» -ն, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հայտնել է, որ Ախալքալաքում ոստիկանության լրացուցիչ ուժեր և հատուկ ջոկատայիններ են տեղակայվում: Նահանգապետը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։
«Իրավիճակը Ախալքալաքում վերահսկում է ՆԳՆ – ն, ինչպես նաև Քրեական ոստիկանության, պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության ուժերով։ Նաև մոբիլիզացվել են հատուկ առաջադրանքների ստորաբաժաման ուժերը», – հայտարարել է Ամիրանաշվիլին։
Ըստ նահանգապետի՝ անկարգությունները պայմանավորված են «քրեական միջադեպով»։ Նա չի բացառել, որ «Արտսեկ» հյուրանոցի սեփականատերը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Կուլիկամ գյուղի բնակչին սպանողների հետ:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու՝ «կանխամտածված սպանություն» և «ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը-պահելը» հոդվածներով: