Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ մեղադրվողի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։
Կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու-պահելու մեղադրանքով ձերբակալվել է 37-ամյա Ա.Գ.-ն: Քննությունը պարզել է, որ կոնֆլիկտի հողի վրա նա վիրավորել է 27-ամյա Կ. Մ.-ին: Երիտասարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո:
Որպես իրեղեն ապացույց՝ ոստիկանները մեղադրյալից առգրավել են հանցագործության գործիքը։ Ձերբակալվածին սպառնում է 7-15 տարվա ազատազրկում։
Նշվում է, որ օգոստոսի 8-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մի քանի մարդ է տուժել։ Հանրային հեռուստաընկերության տեղեկություններով՝ Ախալքալաքի հիվանդանոց է դիմել երեք մարդ։ Նրանցից մեկը դանակահարվել է մեջքի շրջանում, երկուսը ստացել են ձեռքի մատների կոտրվածքներ։ Երեքն էլ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո լքել են հիվանդանոցը։
Հաղորդվում է, որ Ախալքալաքում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը եւ ՆԳՆ հատուկ առաջադրանքների ստորաբաժանման տեխնիկան: Քաղաքի մուտքերում և ելքերում ուժեղացվել է հսկողությունը։ Զուգահեռաբար ողջ գիշերվա ընթացքում աշխատանքը շարունակել են քրեագետ-փորձագետները։ Քննչական գործողություններն իրականացվել են սպանության վայրում և ևս մի քանի վայրերում, որտեղ տեղի են ունեցել անկարգությունները։
Օգոստոսի 9-ի առավոտյան Ախալքալաք է ժամանել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ քաղաքում իրավիճակը հանգիստ է եղել։
Վրաստանի ՆԳՆ-ն անկարգությունների փաստով առանձին վարույթ է սկսել։ «Խմբային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստով շարունակվում է հետաքննությունը՝ մեղավորներին պարզելու և ձերբակալելու նպատակով»,-գործակալությունը մեջբերում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ի երեկոյան։ Բախումների ընթացքում հրկիզվել են 4 տուն և հյուրանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումները սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով։