Վրաստանի բնակիչները հիմնական խնդիրները համարում են գործազրկությունը, բարձր գներն ու աղքատությունը։ Այս մասին են վկայում նախօրեին հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը պատվիրել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հարցվածների մեծամասնությունը՝ 46 տոկոսը, հիմնական խնդիրը համարել է գործազրկությունը։ Բարձր գները նշել են 17 տոկոսը, աղքատությունը՝ 6 տոկոսը։
Հարցվողների 82%-ի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել Վրաստանի տնտեսության վրա, 15% -ը փոփոխություններ չի տեսել, իսկ 3% -ը կարծում է, որ ավելի լավ է դարձել:
Իրենց ընտանիքների տնտեսական վիճակի մասին հարցին հարցվածների 65 տոկոսն ասել է, որ այն վատ է կամ շատ վատ։ Ինչպես նշում են հետազոտողները, դա 5 տոկոսով բարձր է 2019 թվականի հոկտեմբերի համեմատ:
Հետազոտությունն անցկացվել է հունիսի 4-ից հուլիսի 2-ը։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր Վրաստանի 1500 բնակիչ: Սխալմունքի հավանականությունը գնահատվում է 2,5%-ի մակարդակով։