Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։
Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում և հավելել, որ 90-ականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:
Նրա խոսքով` գանձախույզների և կապալառուների կողմից այս տարածքի նկատմամբ իրականացված թալանը խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայնքին:
Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։
Նա հետևյալ հարցերն է ուղղել նախարարին․
Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը:
Երկրի մասշտաբով հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու համար որևէ ծրագիր ունե՞ք:
Որևե բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձախույզներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամ չէ, որ թալանվում է ու ավերվում։
Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։
Սոցցանցերում բազմիցս տարածվել են քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։