Թուրքիան էներգաարտադրող երկիր է դառնալու: Այս մասին «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային, փոխանցում է ermenihaber-ը։
«Այս նոր ձևաչափը շատ կարևոր է և սա Թուրքիային ռազմավարական դիրքի, հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների առումով այլ հարթություն է տեղափոխում»,-ասել է խոսնակը:
Քալընը նշել է, որ Թուրքիայի կողմից Սև ծովում գազի որոնման աշխատանքները և 320 մլրդ խորանարդ մետր գազի պաշարների հայտնաբերումը դեռևս գործի սկիզբն են՝ հավելելով, որ նշյալ շրջանում շարունակելու են հետազոտման և հորատման աշխատանքները:
«Մեր տեխնիկական փորձագետները մեզ ասում են, որ ավելի մեծ ներուժ կա»,-հայտնել է նա:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։
Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը, որը թուրք ժողովրդին կմատակարարվի 2023թ., Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։