ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպելու պատրաստակամության մասին:
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ կրկին ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումների որոնման մեջ է, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտի մեջ է»,-ասել է Մնացականյանը “Интерфакс” գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի համար գոյություն ունեն կոնկրետ և կարևոր առաջնահերթություններ։ «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնային է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց որևէ սահմանափակման, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է», – ասել է նախարարը։
Մնացականյանը նաև ընդգծել է, որ և ՛Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը բավականաչափ ուժ ունեն, բավարար ռեսուրսներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարված տալը դրա ևս մեկ հաստատումն է։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հուլիսյան սրումը փաստորեն 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման և ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու կրկնակի փորձ էր։