ՀՀ Ոստիկանությունից պարզաբանել են սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ։
Ըստ Ոստիկանության մամլո հաղորդագրության՝ այս ամենի կապակցությամբ Ադրբեջանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։
«Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։