Թուրքիայի նախկին վարչապետ ու ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակիցը՝ նախկին արտգործանախարար, ապա և՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, քննադատել է երկրի գործող իշխանություններին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Դավութօղլուն ամիսներ առաջ իր հիմնադրած «Ապագա» կուսակցության համաժողովում թիրախավորել էր հատկապես կառավարության տնտեսական քաղաքականությունը: Ըստ նախկին վարչապետի՝ այդ քաղաքականության արդյունքում հանրապետության էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը նվազել է՝ հասնելով 25 տարի առաջվա ցուցանիշին, գնաճը հասել է 13 տոկոսի, ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է գրանցվել, երիտասարդության շրջանում մեծացել է գործազրկությունը:
Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել այս բոլոր խնդիրների վերաբերյալ բանավեճ ունենալ կառավարության անդամների ու անձամբ նախագահ Էրդողանի հետ:
«Եթե նախագահ Էրդողանը՝ որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ցանկանա ինձ հետ բանավիճել, ես դրան պատրաստ եմ: Կպատասխանեմ նրա բոլոր մեղադրանքներին ու կներկայացնեմ այն բոլոր ոլորտների այլընտրանքային քաղաքականաթյունը, որոնցում նա սխալ ուղղությամբ է գնում»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախկին վարչապետ և Արտաքին գործերի նախկին նախարար Ահմեթ Դավութօղլուն դիմում է ներկայացրել երկրի Ներքին գործերի նախարարություն՝ նոր կուսակցության ստեղծման համար:
«Ապագա» կուսակցությունը ստեղծվել է 154 հոգու մասակցությամբ: Նրանց մի մասը Արդարություն և զարգացում կուսակցության նախկին անդամներ են: