Թուրքիան վտանգ է ներկայացնում Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգության համար, հայտարարել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Միջերկրածովյան, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ազդեցության ընդլայնման իր ապակայունացնող քաղաքականության համաձայն, Թուրքիան չի խնայել նաև էներգիան և ջանքերը Հարավային Կովկասում լարվածությունը բարձրացնելու համար:
Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանիորեն աջակցելով Ադրբեջանին և այնտեղ ընդլայնելով իր ռազմական ներկայությունը՝ Թուրքիան խարխլում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:
«Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:
Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար», – ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այս համատեքստում Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղության և անվտանգության պահպանման տարածաշրջանային և միջազգային ջանքերին: