Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Մինչ այդ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ և լայն կազմով նիստը: Ռուսաստանի կառավարության ղեկավարն իր ելույթում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները եւ ձեռնամուխ լինեն դիվանագիտական կարգավորմանը, եւ Մոսկվան պատրաստ է դրան աջակցել:
«Նախ եւ առաջ կցանկանայի ամենաանկեղծ ցավակցությունը հայտնել այս օրերին (Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում) զոհվածների եւ տուժածների բոլոր հարազատներին ու մերձավորներին։ Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտությունում»,- ասել է Միշուստինը։