Իրանի Իսլամական Հանրապետությունում իրարամերժ կարծիքներ կան Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ:
Irna.ir-ի ծանուցմամբ՝ Իրանի ԱԳՆ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ՝ /ՀՀ վարչապետ, Ադրբեջանի նախագահ և ՌԴ նախագահ/ համաձայնագրին, մասնավորաբար, առաջին կետին, այն է՝ հրադադարի հաստատմանը, այն անհիմն է համարել: Միաժամանակ, նա կարևորել է համաձայնագրի 9-րդ կետը, ըստ որի, ասվում է՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։
Արդեն իսկ շրջանառվող տեղեկատվությանը և քարտեզներին անդրադառնալով, ըստ որի ՀՀ հարավային՝ Մեղրիի տարածքով է անցնելու Թուրքիան և Նախիջևանը Ադրբեջանի ենթակայության տակ անցած ԼՂՀ տարածքին կապող ճանապարհը, Իրանի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ չի լինելու որևէ փոփոխություն Իրան-Հայաստան կամ Իրան-Ադրբեջան տրանզիտային երթուղիներում: «Ցավոք, վիրտուալ տարածքներում ապակողմնորոշող տեղեկատվություններ են տարածվում, ի մասնավորի՝ Իրանի և Հայաստանի սահմանի բացակայության, ՀՀ և Իրանի ներսում միջանցքի ստեղծման վերաբերյալ: Առաջարկվում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք իրականության հետ կապ չունեն և արվում են հատուկ՝ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա:
Հղում կատարելով խնդրո առարկա համաձայնագրին, նա հավելել է, «Իրան-Հայաստան սահմանի երկայնքով աշխարհագրական շերտի ստեղծումը, որի մասին շատ է խոսվում, բացարձակ անհիմն է»:
Իրանի ԱԳՆ պաշտոնյան վստահեցրել է, որ հիշյալ գաղափարը նոր բան չէ, այն տարիների պատմություն ունի և եթե անգամ այն ռեալիզացվի, ինչն ուղեկցվում է բազմաթիվ բայցերով, չի փոխելու Իրան-Հայաստան տրանզիտային երթուղին, միաժամանակ շեշտելով, որ իրանական կողմի կոնսուլտացիաներն այս համատեքստում շարունակվում են և այդ շրջանակում արդեն իսկ կայացել է իր զրույցը Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: