Իրանի կառավարությունը հերքում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
«Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը», – «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ նախապես հերքում է բոլոր նման հաղորդագրությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում:
Նշենք, որ անցյալ շաբաթ իրանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի պաշտոնից Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին: Նախագահին աջակցող աղբյուրները պնդում են, որ դրա հետևում կանգնած է նախկին պահպանողական պատգամավոր Ալիռըզա Զաքանին, որը մոտ է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Աղբյուրի համաձայն՝ վերջինս անցյալ շաբաթ պահպանողական քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա: