Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը` 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Armenia Today-ի թղթակիցը թեմայի առնչությամբ զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
Փորձագետը նշեց, որ․ «Սահմանադրական փոփոխությունների իրականացման խոստումը «Վրացական Երազանք» կուսակցությունը բավականի վաղ էր տվել. վերջին անգամ դրա մասին խոսվեց Բիձինա Իվանիշվիլիի կողմից՝ այս տարվա ամռանը, երբ Վրաստանում ներքաղաքական լարված իրավիճակ էր։
Ջոնի Մելիքյանն իր խոսքում նշեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կողմ են քվեարկել նախագծին, սակայն իշխող ուժը չկարողացավ ապահովել սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ 113 ձայն, քանի որ իրենց կուսակցության անդամների մի մասը կա՛մ դեմ են քվեարկել, կա՛մ էլ չեն մասնակցել քվեարկությանը:
«Այս ամենը կազդի ներքաղաքական զարգացումների վրա, քանի որ արդեն փողոց դուրս գալու և ցույցեր իրականացնելու կոչեր են հնչում այն մարդկանց կողմից, ովքեր կողմ էին նախագծին։ Հիմա նույնիսկ խոսք է գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում:
Ստեղծված իրավիճակն անհետևանք չի մնացել. Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ինչպես նաև մեծամասնության պատգամավորներ՝ Թամար Խուլորդավան, Սոփո Քացարավան, Գիորգի Մոսիձեն, Իրինա Փրուիձեն և Դիմիտրի Ցքիտիշվիլին լքել են խորհրդարանական պաշտոնները: