Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի, վարակման 105 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 19 մարդ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին այսօր նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը:
Նրա խոսքով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին Ադրբեջանում չի կարելի դրական արտահայտվել:
«Վարակվածների թիվը ցույց է տալիս, որ աճի միտում է նկատվում։ Այսօրվա դրությամբ երկրում ստեղծվել է մոտ հինգ միլիոն բժշկական դիմակների պահուստ։ Օրվա ընթացքում դեղատներին տրվում է մոտ 450 հազար դիմակ», – ասել է Իբրահիմ Մամեդովը։
Երեքշաբթի օպերատիվ շտաբից հայտնել էին, որ Ադրբեջանում հաստատված վարակվածների թիվը հասել է 717-ի, համաճարակի սկզբից մահացել է 8 մարդ: