Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների համար սոցիալ-տնտեսական վիճակի մասին նախնական տվյալները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է 1.7%: Սակայն տնտեսության իրական վիճակը և սպասվող զարգացումները պատկերացնելու համար մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել վերջին ամսվա՝ ապրիլի ընթացքում: Այստեղ վիճակը ավելի դժգույն է, նախորդ տարվա ապրիլի համեմատ մենք ունենք ունենք աննախադեպ՝ 17,2%-ով նվազում: Զգալի է շինարարության ծավալների և առևտրի շրջանառության անկումը: Տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անկումը պայմանավորող գործոնների, անկման չափի հետագա կանխատեսման, ստեղված իրավիճակում ազգային արժույթի կայունության մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ։
Ասատրյանի խոսքով՝ աննախադեպ անկման հետ դեռ չենք առնչվել, խոսքը այս չորս ամսվա ընթացքում միայն 1,7 % անկման մասին է, բայց անհանգստությունը պետք է լինի աննախադեպ, որովհետև այն զարգացումները, որոնց հետ մենք գործ ենք ունեցել, մասնավորապես ապրիլ ամսվա ընթացքում՝ մեզ մտահոգվելու տեղիք են տալիս, որ առաջիկայում կբախվենք ավելի լուրջ անկման, ընդ որում, ըստ նրա, արդեն նշմարվում է երկնիշ անկման վտանգը։
«Տարեվերջին այս զարգացումների շարունակման պարագայում կբախվենք ՀՆԱ-ի երկնիշ տնտեսական անկման է։ Խիստ անհանգստացնող է այն հանգամանքը, որ այն ոլորտներում, որոնք պետք է ապահովեին տնտեսական աճը կամ թույլ չտային էական տնտեսական անկումն ամենավատ վիճակն է, մասնավորապես, օրինակ, շինարարության ոլորտում հունվար-ապրիլ ամիսներին շուրջ 22 տոկոս անկում ունենք, իսկ այս տարվա ապրիլին 2019թ. համեմատ այն 50%-ից ավելի մեծ է»,- նկատեց նա։
Տնտեսագետի խոսքով՝ այժմ վիճակի շտկումը կախված է իշխանություններից, վերջիններիս ձեռնարկելիք միջոցառումներից։ Ըստ նրա՝ առայժմ առաջին ալիքի խնդիրների հետ ենք բախվել, առավել ֆունդամենտալ գործոնների կբախվենք առաջիկայում՝ համաշխարհային տնտեսության վիճակ, ընդհանուր պահանջարկի նվազում, այդ թվում մեզ հետաքրքող շուկաներում, մասնավորապես՝ Ռուսաստանում տնտեսական վիճակը և դրանով պայմանավորված արտահանման հետ կապված խնդիրներով պայմանավորված մեր տնտեսության առանձին ոլորտների գործունեությունը՝ գյուղատնտեսություն, վերամշակող արդյունաբերություն։
Ինչ վերաբերում է ցուցանիշների անկման պայմաններում՝ ազգային արժույթի կայունությանը, ապա Ասատրյանն այստեղ զարմանալի բան չտեսավ։
«Մեր արժութային համակարգը ուրույն է, և արտարժութային ներհոսքի նվազումը նախևառաջ անդրադառնում է ներմուծման ծավալների անկման վրա։ Չորս ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ունեցել ենք մոտ 11,5-12 տոկոս անկում։ Արտարժույթի հոսքի կրճատումը հատուցվել է այս գործոնի հաշվին, և դրամն առաջիկայում կայուն կմնա՝ անկախ առաջիկայում սպասվող բացասական զարգացումներից, այդ թվում մասնավոր տրանսֆերների հոսքի հնարավոր ու արդեն նկատվող նվազումից»,-նշեց նա։
Տնտեսագետն ընդգծեց, որ դրամի արժեզրկման համար անհանգստանալու հիմքեր չկա։
«Թերևս, եթե մեր տնտեսության ապագայի մասին գլոբալ մտածենք, իհարկե արժեզրկումը կնպաստեր մեր տնտեսության առավել արդյունավետ գործունեությանը»,- նկատեց Ասատրյանը։
Ռուսական ռուբլին դրամի համեմատ արժեզրկվել է մոտավորապես 15 տոկոսով, ըստ տնտեսագետի, սա նշանակում է, որ մեր ապրանքները Ռուսաստանում նույն չափով ավելի էժան պետք է վաճառվեն, այսինքն մեր արտադրողները պետք է ապրանքների գներն իջեցնեն, ինչն ակնհայտ է, որ շատ բարդ է լինելու, մինչդեռ դրամի որոշ արժեզրկումը կնվազեցներ այդ տարբերությունը և ավելի մրցակցային կդարձներ մեր արտահանումը։
Արտահանման ու ներմուծման ցուցանիշների անկման մասին խոսելով՝ Ասատրյանն ընդգծեց, որ մեծ է ռուսաստանյան շուկայում տիրող վիճակի դերը։
«Այս տարվա ապրիլին 2019 ապրիլի համեմատ մոտ 1/3-ով է կրճատվել արտահանումը, և ՌԴ գործոնը այստեղ մեծ է։ Իհարկե, կա հումքի միջազգային գների հարցը ևս, օրինակ՝ պղնձի միջազգային գները նվազել են ևս մոտ 15%-ով, բայց սպասենք հետագա զարգացումներին»,-եզրափակեց նա։
Նարե Հարությունյան