Միկրոձեռնարկատիրություն դառնալու համար կառավարություն մինչև փետրվարի 20-ը ժամկետ է սահմանել և, պայմանավորված կորոնավիրուսով՝ բազմաթիվ տնտեսվարողներ արձանագրում են, որ ունեն 24 մլն-ից ցածր շրջանառություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Ունենք իրավիճակ, երբ նույն սոցիալ-տնտեսական իրավիճակում գտնվող տնտեսվարողը, օրինակ՝ 10 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկատերը, հարկվում է մի դաշտում, մյուսը՝ մեկ այլ»,- ասաց պատգամավորը։
Թանդիլյանի հարցին, թե ի՞նչ լուծում կառաջարկեն այն ձեռնարկատերերին, ովքեր ոչ իրենցով պայմանավորված հանգամանքներից ելնելով՝ գտնվում են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում և ակնկալում են կառավարության աջակցությունը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ առաջարկներ են հնչում վերանայել հարկային հարաբերությունները։
«Հարցն առաջնահերթության տեսակետից երկրորդական պլանում է եղել, որովհետև փոխարինեց գլխավոր հարցին։ Բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին և մեր մոտեցումն արտահայտել ենք, եթե իրավիճակը փոխվել է այնպես, որ կարիք կա վերանայելու մոտեցումը, ապա պատրաստ ենք քննարկել, եթե կգտնվեն այնպիսի հակափաստարկներ, որոնք մինչ այժմ չեն հնչել, որովհետև ձեր նշած դեպքը հարակային հարաբերություններում այնպիսի փոփոխության իրականացում է, որը դժվար կլինի հասցեական համարել այն տեսակետից, որ այդ ժամկետի փոփոխությունը հնարավորություն կտա ձեր նշած կոնկրետ տուժած կազմակերպություններին առաջարկել փոխել իրենց նկատմամբ վերաբերմունքն ու իրենց հարկային պարտավորություններն այլ տրամաբանությամբ հաշվառվեն կամ ընդհանրապես հարկային պարտավորություն չառաջանա իրենց գործունեությունից, այլ նաև նրանց, ովքեր ընդհանրապես չեն տուժել կամ կարող են շահած լինել»,- ասաց Ջանջուղազյանը։
Նախարարը նշեց, որ եթե գնան այն ճանապարհով, որ ընդհանրական կարգավորումը վերանայեն և ժամկետը տեղափոխեն, ապա դրա շահառու կարող են հանդիսանալ նաև այն կազմակերպությունները, որոնց վրա դժվար կլինի համավարակի ազդեցությունը գնահատել բացասական։
«Քանի դեռ հստակ չէ՝ ինչ ճանապարհով կարելի է հասցեական դարձնել օժանդակությունը, քան այն միջոցառումները, որոնք իրականացվում են հիմա, չեմ կարծում թե պատեհ կլինի քննարկել»,- ասաց նախարարը։
Թանդիլյանը նշեց, որ իր հարցերը առաջնահերթությունից չեն, այլ ճչացող անարդարությունից և հետևաբար որևէ հարց երկրորդական չի։ «Ուղղակի այս առումով ես առաջարկ ունեյի, որովհետև, երբ որ Դուք խոսում եք այն մասին, որ կարող են շահած դուրս գալ, բայց հասցեական չլինի, փաստացի, որևէ տնտեսվարող, ով ուներ մինչ այդ ավելի բարձր շրջանառություն, քան 24 մլն-ն է, և կորոնավիրուսով պայմանավորված չի տուժել, ավելի նվազ է շրջանառությունը, դժվար է պատկերացնել այդ ինչպես է, որ որևէ մեկի շրջանառությունը նվազել է և նրան օժանդակությունը 24 մլն-ից ցածր չէ։ Մեկ երկու դեպքի համար բազմաթիվ տնտեսվարողների սոցիալ-տնտեսական արդարացիությունը չվերականգելու մասին չմտածելն առնվազն արդարացի չէ։ Կարելի է նորից դիմել և վերանայել նրանց կանխատեսումները կամ այն ռեժիմը որում հարկվել են, թեկուզ վերադարձնեն շրջանառության հարկը։ Ըստ էության՝ կան ճանապարհներ և որևէ պարագայում այն չի կարող լինել ոչ հասցեական, հաշվի առնելով այն պատճառը, որը նշեցի»
Ի պատասխան՝ Ջանջուղազյանը նշել է, որ, այնուհանդերձ, անհասցե լինելու ռիսկ կա՝ հաշվի առնելով միջոցառումները, որոնք մինչ այժմ ձեռնարկվել են։ Ըստ նախարարի՝ ենթադրվում է որ եթե դրանցից օգտվելու հնարավորություն ունեցել են այդ կազմակերպությունները, ապա պետք է քննարկել։ Նա հավելել է, որ ավելի նպատակահարմար է ունենալ ավելի թիրախային աջակացություն, քան համահարթ մոտեցում, որն իր մեջ ավելի մեծ ռիսեր է պարունակում։