Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՀԾԿՀ մամուլի ծառայությանը:
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։
Այսպիսով, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության գործող սակագինը հազար խմ-ի համար 255.06 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն՝ 266.71 դոլար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ապրիլի 1-ին հանձնաժողով էին ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր: Հունիսի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։