ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները քննարկում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավարոներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Արտակ Մանուկյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում էական առաջարկներ չեն եղել։
Առաջարկվում է գործող օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ, որով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:
Նա տեղեկացրեց, որ կարգավորումներն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։