Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսում ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ հավելելով, որ դա սպասելի էր, բնական և սպասելի էր։
Մանուկյանը նկատեց, որ դա պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված:
«ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Եթե ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսների տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք ասել, որ աճ էր նկատվում: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետև, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասաց Արթուր Մանուկյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ համավարակային իրավիճակը շուտ կավարտվի, և կգանք շրջանառությունների ավելացմանը, որովհետև դրանով է պայմանավորված հարկային եկամուտների հարցը:
Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը նշեց, որ աշխատողներին աշխատանքից ազատելու առումով վատ պատկեր չունեն, մի փոքր խնդիր ունեն աշխատավարձ չհաշվարկելու հետ։
«Աշխատողներին աշխատանքից ազատելու առումով այդքան էլ վատ պատկեր չունենք։ 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12.000 աշխատող է կորցրել իր աշխատանքը։ Շատ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստացել»,–ասաց նա։
Մանուկյանը նշեց` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ, 10-րդ և 18-րդ սոցիալական փաթեթները ամբողջությամբ իրականացրել է Պետական եկամուտների կոմիտեն։ Հաշվառվել են շահառուները, ծանուցվել, ընդունվել են դիմումներ, ապահովվել են դրամաշնորհներ։
«Կառավարության 5-րդ ծրագրի շահառուներն են եղել 14.964 ձեռնարկություն, որոնց ընդհանուր առմամբ վճարվել է 2,2 միլիարդ դրամ: Ըստ մեր գնահատականների, ձեռնարկությունները, որոնք դարձան այս ծրագրի շահառուները, կարող էին վճարել յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի ամբողջ աշխատավարձը»,-ասաց ՊԵԿ փոխախագահը:
«10-րդ միջոցառումը վերաբերում էր միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Միջոցառման շահառու էին հանդիսանում այն սուբյեկտները, որոնք 2020թ․ ապրիլի 1-ի դրությամբ հանդիսանում էին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Ներառվել են նաև Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք հանդիսացել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բայց նախորդ տարի չեն եղել անհատ ձեռնարկատերեր։ Միջոցառումն արդեն ավարտված է, դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր մինչև մայիսի 20-ը։ Միջոցառման շահառուների քանակը 6161 է։ Դիմումներ ներկայացրել և աջակցությունից օգտվել է 5390 սուբյեկտ։ Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ։ Մնացածը չեն օգտվել ծրագրից, քանի որ դիմում չեն ներկայացրել, այլ խնդիր չի եղել։ Բոլոր շահառուները ծանուցվել են, էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են համապատասխան հաղորդագրություններ, միջոցառման ավարտից առաջ ԶԼՄ-ով տեղեկացվել է, նաև զանգերով են հայտնել»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Նա նշեց, որ ընթացքի մեջ է 18-րդ միջոցառումը, և դիմումների ներկայացման ժամկետը հունիսի 10-ն է։ Միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:
«18-րդ միջոցառման շահառու է հանդիսանում 12227 սուբյեկտ։ Եթե 5-րդ միջոցառումը սահմանում էր, որ պետք է ունենան մինչև 2-50 աշխատող, այստեղ ունենք պահանջ, որ մինչև 100 աշխատող կարող են ունենալ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նա հիշեցրեց` որպեսզի ձեռնարկությունները դառնային այդ 3 ծրագրերի շահառուներ, կարանտինի ժամանակ չպետք է աշխատանքից հեռացնեին աշխատողներին:
ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 4 ամսվա ընթացքում Հայաստանում 12.000 քաղաքացի կորցրել է աշխատանքը։
Опубликовано Armenia Today – հայերեն Среда, 3 июня 2020 г.