ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ արտահերթ նիստի շրջանակներում շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ սահմանափակումների շրջանում բյուջեի կրած վնասների մասին հարցադրմանն ի պատասխան Տիգրան Ավինյանն ասել է, որ 2019 թվականի ապրիլի նկատմամբ 2020 թվականի նույն ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ունեցել 16,7 %-ով, մայիս ամսվա նկատմամբ՝ 12,8%-ի անկում։
«Իրականում սահմանափակումների քննարկումների ժամանակ իրականացվում է տնտեսական հնարավոր ազդեցության գնահատական:Ե՛ւ պարետային ժամի, ե՛ւ մի շարք այլ սահմանափակումների ներդրման հնարավորությունները քննարկելու ժամանակ մասնավորապես ես նշեցի, որ տնտեսությունը կտուժի ՀՆԱ-ի 0,8 տոկոսի չափով, եւ կանոնների պահպանմամբ կյանքի վարումը միանշանակ շատ ավելի նվազ ծավալների տնտեսական բացասական հետեւանքների է բերելու»,- ասել է Ավինյանը՝ շեշտելով, որ Հայաստանի տնտեսությունը կապված է նաեւ գլոբալ տնտեսության հետ, իսկ գլոբալ տնտեսությունում կտրուկ անկումներ են տեղի ունենում։
«Բայց այնուամենայնիվ պետք է հստակ արձանագրենք, որ սահմանափակումների պայմաններում տնտեսական ցուցանիշների նվազումը շեշտակի է՝ համեմատած նույնիսկ այս իրավիճակի հետ։ Տարբերությունը շատ հստակ է եւ կտրուկ։ Տարբեր երկրներում եւ Հայաստանում իրականացված սահմանափակումներն առաջացնում են տնտեսական էական շոկեր, եւ այդ շոկերը նաեւ հետագայում են իրենց էֆեկտներն ունենալու»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը։