Ամիսներ շարունակ կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Թեև արտակարգ դրությունը շարունակվում է, բայց որոշ սահմանափակումների վերացումը նպաստել է տնտեսության ակտիվացմանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալներից պարզ է դառնում, որ վերջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության աճ է արձանագրվել։ Թեմայի շուրջ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ։
– Պարո՛ն Միքայելյան, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, սակայն վերջին երկու ամիսներին աճ է արձանագրվել: Մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, հունիսին՝ մայիսի համեմատ՝ 14.8 տոկոսով: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ տնտեսական իրավիճակը, ի՞նչ պատկեր կունենանք տարեվերջին, ինչո՞վ է պայմանավորված վերջին ամիսների տնտեսական ակտիվությունը։
-Տնտեսական հարաբերական ակտիվությունը պայմանավորված է արհեստական սահմանափակումների վերացումով, այն է՝ կարանտինը վերջացնելով։ Վիճակագրությունը, որը ունենք, ցույց է տալիս կարանտինը հանելուց ստացած տնտեսական առաջընթացի մաքսիմումը։ Այս պահին՝ հունիսը նախորդ տարվա հունիսի հետ համեմատած ունենք 7,5 տոկոս նվազում, իսկ դա արդեն ոչ կարանտինային պայմաններում։ Տարեվերջին, իմ կարծիքով, շատ վատ պատկեր չի լինի, եթե համավարակի տեսանկյունից որևէ նոր բան չունենանք, ապա տնտեսությունը դանդաղ կգնա դեպի վերականգնում, բայց պլյուսային գոտի երևի թե այս տարի դուրս չենք գա, տարվա վերջում հարաբերական կայունացում կունենանք և միջին տարեկան տնտեսական անկումը գուցե 5 կամ 6%-ի չափ կազմի։
-Տնտեսության սահմանափակված գործունեության պարագայում պետությունը բնականոն կերպով փոխհատուցում ապահովե՞լ է։ Կառավարությունը վարե՞լ է արդյոք տրամաբանված քաղաքականություն. Որքանո՞վ են սահմանափակող միջոցներն ազդել բյուջեի, մասնավորապես նրա եկամտային մասի վրա։
-Ինչքան հնարավոր էր, ինչքան կառավարությունը գտավ հնարավորություն, աջակցեց, դա մոտավորապես 170 միլիոն դոլարի չափով էր։ Իհարկե, եթե գտնվի հնարավորություն ավելի մեծ չափով օժանդակություն տրամադրելու, դա ճիշտ կլինի, որովհետև տնտեսությունը դրա կարիքը ունի։
Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա այն ուղին, որն ընտրվել է, այն է՝ փոքր ծախսերով, ինչքան հնարավոր է, հասցեական օգնություն տրամադրել, դա ճիշտ էր։ Եթե վերլուծենք բյուջեի եկամտային մասը, կտեսնենք, որ բյուջեում բավական դրական միտում կա։ Բացարձակ եկամտի նվազումը մեկ տոկոսից ավելի քիչ է։ Եթե հաշվի առնենք գնաճը, նվազումն ավելի մեծ կլինի, սակայն պետք է հիշենք, որ մեքենաների մաքսազերծում այս տարի չկա, եթե այս գործոնն էլ հանենք, կարող ենք արձանագրել, որ բյուջեի եկամուտների կատարման տեսանկյունից, հաշվի առնելով համարյա 5 տոկոսանոց տնտեսական նվազումը, բավական լավ վիճակ է։
-Այժմ կարող ենք գնահատականներ հնչեցնել, թե տնտեսական գործունեության սահմանափակումները որքանո՞վ են ազդել գործազրկության մակարդակի վրա։
-Այս պահի դրությամբ մոտավորապես 20-25 հազար աշխատատեղի կորստի մասին կարող ենք խոսել, բայց այս թիվը կարող է փոփոխվել՝ կարող է և՛ նվազել, և՛ աճել։ Դեռ չենք կարող ասել տարվա կտրվածքով ինչպես կլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 70 հազար մարդ կարանտինի սկզբից դադարել է աշխատանքի դուրս գալ, ավելի ուշ նրանցից 50 հազարը վերադարձել է աշխատանքի: Իմ կանխատեսումը այն է, որ մոտավորապես 22 000 կորցրած աշխատատեղ ունենք։
— Ի՞նչ դիրք է զբաղեցում Հայաստանն ի համեմատ տարածաշրջանի երկրների։ Արդյոք սահմաննների փակ լինելը նպաստե՞ց ներքին տուրիզմի զարգացմանը և ֆինանսական միջոցների՝ երկրի ներսում մնալուն։
-Տարածաշրջանի երկրների համեմատ մենք նույն դիրքն ենք զբաղեցնում, մի փոքր ավելի լավ է վիճակն Ադրբեջանում, այնտեղ ճգնաժամն ավելի ուշ սկսվեց, երևի թե տարվա կտրվածքով նույն վիճակն է լինելու։ Վրաստանի հետ կապված մոտավորապես նունն է վիճակը։ Ներքին տուրիզմի հետ կապված՝ այն այդքան արագ չի կարող փոխակերպել արտաքին տուրիզմը, որովհետև խոսում ենք ոչ միայն դրամական հնարավորությունների, այլև մարդկանց պահվածքի և նրանց սովորությունների մասին։
Նարե Հարությունյան