2020 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները ներկայացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը մամուլի ասուլիս է ունեցել «Արմենպրես»-ի մամուլի սրահում։
Չարխիֆալակյանը նշել է, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ:
«2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ,- ասել է Վահան Չարխիֆալակյանը,- Տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը»։
Ստացվում է, որ առկա է իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների թվաքանակի աճ 2019 թվականի համեմատ, այն դեպքում երբ տարեկան իրականացվող հարկային ստուգումների թվաքանակը նվազում է։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հարկային ստուգումների թվաքանակի նվազման միտում կա, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների թվականակն աճում է։ Հարցին ի պատասխան՝ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ դա կապված է աշխատակիցների կողմից նախաձեռնողականության ավելացմամբ:
«Միաժամանակ բազմաթիվ հանձնարարություններ են ստացվել նախաքննական մարմինների կողմից: Իր ազդեցությունն ունեն նաև ՊԵԿ-ում 2020 թվականին կատարված կառուցվածքային փոփոխությունները: Ստոբաժանումները հսկայածավալ աշխատանք են կատարել մոնիտորինգի և հարկային վերլուծության առումով»,-ասաց ՊԵԿ ներկայացուցիչը: