«Հրապարակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել։ Ըստ օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանը խստիվ հրահանգել է Արգիշտի Քյարամյանին՝ ամեն գնով Վանեցյանին մեղադրանք առաջադրել, և նա հուսահատ փնտրտուքի մեջ է։ Թորոսյանի հարցում ձախողվելուց հետո, երբ պարզ է դարձել, որ վերջինս Վանեցյանի դեմ ցուցմունք չի տալու, Քյարամյանը որոշել է «աշխատել» ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։Ըստ թերթի տեղեկության՝ 2013 թվականից ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, գեներալ Արամ Հակոբյանին փորձել են մեղադրել ծառայությունում առկա «ապօրինի» զենքի համար։ «Սակայն մինչ ԱԱԾ-ում գցում-բռնում են՝ ինչպես գործը հարուցել, ինչպես ստիպել, որ Հակոբյանը Վանեցյանի դեմ ցուցմունք տա, ինչպես անել, որ չխայտառակվեն, բայց հրահանգը կատարեն, նոր սկանդալ է ծագել։ Գեներալ Արամ Հակոբյանը պատահաբար հայտնաբերել է, որ իր կաբինետում «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք է տեղադրված։ ԱԱԾ վաղեմի աշխատակիցը խիստ վրդովվել է, մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է՝ կա՛մ պետք է դատարանի որոշում ցույց տաք, որով գաղտնալսում եք ինձ, կա՛մ՝ եթե չկա նման որոշում, ուրեմն կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա գաղտնի ծառայություններ են ներխուժել ՀՀ ԱԱԾ շենք և գաղտնալսում են տնօրենի տեղակալին»,-գրել է թերթը։
Ըստ թերթի՝ սկանդալը մարելու և այս խայտառակ միջադեպը ԱԱԾ պատերի ներսում կոծկելու համար Արգիշտի Քյարամյանը «լեզու է գտել» Հակոբյանի հետ՝ որոշել են, որ քրեական գործ չի հարուցվում, նրան հանգիստ են թողնում, Հակոբյանը գնում է արձակուրդ, կրքերը հանդարտվում են, իսկ արձակուրդից վերադառնալով՝ գեներալը գնում է կենսաթոշակի, որովհետև 29-ամյա այս երիտասարդի հետ աշխատել ուղղակի «հնարավոր չէ»։
«Ժողովուրդ» օրաթերթ
- Օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում:Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 255 մլրդ 750.8 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 83 մլրդ 543 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից ավելի է 1.4 տոկոսով:
- Օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաև նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
- «Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում», ի վերջո, ով է ճիշտ, ով՝ սխալ:
Ըստ օրաթերթի աղբյուրների՝ այդ օրը՝ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետարքրքվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավո՞ր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե՞ ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաև աշխատանքից ազատումը: Ինչպես հայտնի է, Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, մայիսից սկսած, վարչապետը չի ստորագրում: